Լրահոս

30.03.2012 18:05


Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարից ընտրակաշա՞ռք են պահանջում

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարից ընտրակաշա՞ռք են պահանջում

Վերջին ժամանակներս գյումրեցիների շրջանում լուրեր են պտտվում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար 10–20 հազ դրամի հասնող ընտրակաշառք է առաջարկվում: Մասնավորապես տարբեր մարդիկ այցելում են քաղաքացիների բնակարաններ և նման առաջարկներ անում ՀՀԿ-ի անունից՝ որևէ փաստաթուղթ չներկայացնելով: Այս խնդրի կապակցությամբ «7օր»–ին մեկնաբանություններ է տվել ՀՀԿ Գյումրիի 3 շրջանային կազմակերպության նախագահ, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանովը: Հարցին՝ ինչպես կմեկնաբանի ժողովրդի շրջանում նման խոսակցությունները, Բորիս Ալեքսանովը պատասխանել է.

–Հավատացե՛ք, ամեն օր առնվազն 5-6 քաղաքացի մտնում է անձամբ իմ գրասենյակ ու ասում, որ եկել են ընտրությունների համար գրանցվելու: Երբ ասում եմ, որ ընտրություններին մասնակցելու համար այստեղ չեն գրանցում, այդ գործով զբաղված է ոստիկանությունը, քաղաքացիները նշում են, որ իրենք եկել են գրանցվելու, որ 10 հազ դրամ ընտրակաշառք ստանան: Բնականաբար, այսքանից հետո կարող ենք մեկ եզրակացություն անել՝ ինչ–որ շահագրգիռ ուժերի կողմից կազմակերպված և ուղղորդված կերպով նման տեղեկատվություն է տարածվում ժողովրդի շրջանում ՀՀԿ-ին վարկաբեկելու համար։

Ալեքսանովը չի մանրամասնել, թե հստակ որ ուժերին են կասկածում այդպիսի տեղեկատվություն տարածելու համար:

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը մեկնաբանել է նաև տարածված այն տեղեկատվությունը, որ պետական հիմնարկներում, ինչպես նաև Գյումրու քաղաքապետարանում յուրաքանչյուր աշխատողի հանձնարարված է 10 հոգու ցուցակ ներկայացնել, ովքեր պետք է ընտրեն Հանրապետական կուսակցությանը: Այս խնդրի հետ կապված՝ Բորիս Ալեքսանովն ասել է.

–Կատարյալ ապատեղեկատվություն է. ենթադրենք, որ մարդկանց ցուցակ ներկայացնեն, իրենք հեռախոսահամարների գիրքը կվերցնեն, 10 անուն, ազգանուն կգրանցեն, կասեն, որ մեր ազգ ու բարեկամներն են: Այս դեպքում մենք ինչպե՞ս ենք վերահսկելու: Կամ եթե նույնիսկ ճիշտ էլ ներկայացնեն, քվեախցում էդ մարդկանց ինչպե՞ս պետք է վերահսկենք, որ, ասենք, ՀՀԿ-ի օգտին քվեարկեն: Էդ մարդիկ ոնց ուզենան, այնպես էլ կքվեարկեն: Դրա համար էլ բացարձակ անարդյունավետ զբաղմունք կլիներ մեզ համար նման ցուցակներ ուզելը, և, բնականաբար, նման պահանջ էլ չկա մեր աշխատողներին։

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը